Պատմություն 10 ընտրությամբ

Վանի թագավորություն արքաները

Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824 կամ 825) արձանագրություններում։ Նա հետ է մղել Սալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ Արամեի մեծագործությունը հիշատակվում է Արամ թագավորի մասին ժողովրդական ավանդավեպում: Ըստ Մ. Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության՝ Հայոց առաջին ճանաչված թագավոր է համարվում Հայկյան Արամը (Արամե Ուրարտացի) /Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» -1968 թ. գրքի 55 էջ-ում գրվում է՝ – Նինոսը (Աշուրնասիրպալ 2-րդ) Արամին հրամայում է առանց կասկածի իր իշխանությունը վարել, իրավունք է տալիս մարգարտե վարսակալ կրել և որպես թագավոր իր երկրորդը կոչվել/:

Սարդուրի Ա


Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճիավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադերեն՝ Ուրարտու) թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։

Իշփուինի


Իշպուինի (մ․թ․ա․ 825-810), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին։ Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին։ Հաջորդել է հորը՝ Սարդուրի Աթագավորին։ Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ)։ Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ։ Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։

Մենուա


ՄենուաՄինուա (մ․թ․ա․ 810 – մ.թ.ա. 786), Վանի թագավորության թագավոր մոտ մ.թ.ա. 810 թվականից։ Իշփուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։ Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Վանի թագավորության սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանիարևելյան սահմաններին)։ Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։ Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը)։

Արգիշտի Ա


Արգիշտի Ա (ծննդյան թվականն անհայտ – մոտ մ.թ.ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։ Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարեվմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են, 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։
Սարդուրի Բ


Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար – մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։ Սարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում (հայտնաբերվել է Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ Հ. Ա. Օրբելու ղեկավարությամբ, 1916 թվականի ամռանը, Վանա ժայռի հյուսիսային լանջի արևմտյան որմնախորշի պեղումների ժամանակ)։ Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա Սուրբ Պողոս եկեղեցու պատի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի)։ Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև Ասորեստանի Թգլատպալասար III թագավորի արձանագրություններում։

Ռուսա Ա


Ռուսա Ա (ծ. թ. անհայտ – մ.թ.ա. 714), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտ 735-ից։ Սարդուրի Բ-ի որդին և հաջորդը:Գահակալման սկզբնական շրջանում ճնշել է կենտրոնախույս ուժերին, ծավալել լայն շինարարական աշխատանքներ, իրականացրել վարչական վերափոխումներ, ընդարձակել պետության սահմանները, հատկապես հյուսիս-արևելքում (Սևանի ավազան) և հարավ-արևելքում՝ (Ուրմիայի հյուսիսային ավազան)։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ։ Ռուսա Ա-ի հետ դաշնակցել են Փռյուգիայի, Կապադովկիայի, Կիլիկիայի, Մելիդի քաղաքական միավորումները, Մանայի թագավորությունը։ Դրանով Ռուսա Ա-ն դժվարին կացության մեջ է դրել Ասորեստանի թագավոր Սարգոն II-ին։ Իրադրությունը փոխվել է, երբ մ.թ.ա. 715-ին Ռուսա Ա-ի զորաբանակը պարտվել է վաչկատուն կիմերներից։ Ռուսա Ա-ի դեմ ապստամբել են (Սարգոն II-ի դրդմամբ) որոշ կուսակալներ ու գավառակալներ։ Ռուսա Ա-ն ճնշել է այդ խռովությունը, սակայն մ.թ.ա. 714-ին Սարգոն II-ը ներխուժել է Վանի թագավորություն, ավերել ու կողոպտել նրա հարավային գավառները։ Պաշտամունքային կենտրոն Մուսասիրի տաճարի կործանումից հետո Ռուսա Ա-ն ինքնասպան է եղել։ Նրա հաջորդը՝ Արգիշտի Բ-ն, վերականգնել է նախկին վիճակը, խափանել Ասորեստանի նվաճողական ծրագրերը։

Արգիշտի Բ



Արգիշտի Բ (ծ. թ. անհայտ – մ.թ.ա. մոտ 680), Վանի թագավորության պետության թագավոր մ.թ.ա. 714 թ.-ից։ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։

Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ Մ.թ.ա. 681 թ.-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։

Այս ժամանակաշրջանում Ուրարտուն կրկին հզորանում է և սկսում պայքարել Ասորեստանի դեմ։ Սարգոնի որդի Սենաքերիբը (Սենեքերիմ) արշավաք է կազմակերպում Ուրարտուի դեմ, այս մասին մենք իմանում ենք նրա թողած մի արձանագրությունից։ Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում, այլ կրկին արշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ։

Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին:

Ռուսա Բ


Ռուսա Բ (մ.թ.ա. 8-րդ դար – մ. թ. ա. 639), Վանի թագավորության արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։
Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը ջրանցք կառուցելու մասին

Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։

Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։

Սարդուրի Գ


Սարդուրի Գ (ծ. և մ. թթ. անհայտ), Վանի թագավորությանի արքա մ.թ.ա. մոտ 640-620-ին։ Ռուսա Բ-ի որդին և հաջորդը։

Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերվել է Սարդուրի Գ-ի անունով սեպագիր երկու աղյուսակ։ Ենթադրվում է, որ Սարդուրի Գ-ի օրոք թուլացել է Ուրարտուի հզորությունը, և նա բարիդրացիական հարաբերություններ է պահպանել Ասորեստանի Աշշուրբանիպալ թագավորի հետ։ Այս մասին է վկայում Սարդուրի արքայի ողջույնի խոսքը ուղղված Աշշուրբանիպալին Էլամին պարտության մատնելու առթիվ։
Սարդուրի Դ


Սարդուրի IV (Սարդուր IV, Սարդուրի, Սարդուրի որդի), Վանի թագավորությանժամանակաշրջանի ավարտի արքա, ով կառավարել է մ.թ.ա 650- մ.թ.ա. 620 թվականներին։

Սարդուրի IV-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունն արդեն անկում էր ապրում։ Վանի արքան կորցնում էր իր վերահսկողությունը երկրի ծայրամասերի նկատմամբ, և մայրաքաղաքը Վանից տեղափոխվեց Թեյշեբաինի, որը գտնվում էր Արարատյան դաշտում։ Հայրը Սարդուրի III արքան է։ Նրան նախորդել է Սարդուրի III-ը, իսկ հաջորդել՝ Էրիմենան կամ Ռուսա Գ-ն։
Էրիմենա


Էրիմենա (ծ.անհայտ-մահ.անհայտ թթ.), Վանի թագավորության թագուհի։ Հայտնի չէ, թե ով է թագավորել Վանի թագավորությունը՝ Էրիմենան կամ Ռուսա Գ-ն։ Հաջորդել է Սարդուրի Գ-ին։ Ռուսա Գ-ն Էրիմենայի որդին էր։ Նա իր մոր համար արձանագրություններ էր թողել, որը այժմ չկա։ Ռուսան իր համար նույնպես արձանագրություններ է թողել, որը նույնպես կորչել է։ Էրիմենան Վանի թագավորությունը թագավորել է հաջող և անդորր։ Մ.թ.ա. 620 թթ. նա մահանում է վճռական ճակատամարտում կամ հիվանդությունից, ոչ մի պարզ բան չկա նրա մահվան մասին։ Հաջորդում է Էրիմենային կամ Ռուսա Գ-ին Ռուսա Դ-ն։

Ռուսա Գ


Ռուսա Գ (ծննդ. և մահվ. թվ. անհայտ), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտ 605-595 թվականներին։ Էրիմենա թագուհու որդին և հաջորդը։ Անունը հիշատակված է Թոփրակ-կալեի պեղումներից հայտնաբերված վահանների և այլ առարկաների վրա։ Ռուսա Գ-ն շինարարական աշխատանքներ է ծավալել Էրեբունիում և Արգիշտիխինիլիում, որտեղ գտնվել են նրա արձանագրությունները՝ շտեմարաններ կառուցելու վերաբերյալ։

Ռուսա Դ


Ռուսա Դ (ծննդ. և մահվ. թվ. անհայտ), Վանի թագավորության թագավոր Մ.թ.ա. մոտ 595-585 թվականներին։ Ռուսա Գ-ի որդին և հաջորդը։ Հիշատակվում է Կարմիր բլուրի որոշ պեղածոների, այդ թվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում։ Գործունեության մասին այլ տեղեկություններ չեն հայտնաբերվել։

Adv